Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Հայկական գլուխկոտրուկ` փոքրամասնության իշխանությու՞ն, թե՞ մեծամասնության ընդդիմություն

Հայկական գլուխկոտրուկ` փոքրամասնության իշխանությու՞ն, թե՞ մեծամասնության ընդդիմություն
06.05.2018 | 09:04

ՀՀԿ-ում, որ խորհրդարանում մեծամասնություն ունի, չգիտեն` ո՞ր ուժն է լինելու իշխանություն, ո՞րը` ընդդիմություն մայիսի 8-ից հետո, երբ փոքրամասնության ներկայացուցիչը կընտրվի վարչապետ: Այդ հարցի պատասխանը չունի անգամ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

Նրա խոսքով` տեսականորեն հնարավոր է, որ վարչապետի ընտրությունից հետո խորհրդարանում ստեղծվի նոր կոալիցիա, որին կմիանան նաև ՀՀԿ-ի որոշ պատգամավորներ: Այդ դեպքում վարչապետը` այս դեպքում Նիկոլ Փաշինյանը, կստանա մեծամասնություն և ՀՀԿ-ն կդառնա փոքրամասնություն:

«Պառլամենտական երկրում իշխանությունը փոխվում է, եթե պառլամենտական մեծամասնությունն է փոխվում։ Եվ պատահական չէ, որ նախորդ անգամ էլ ասացի, որ ոչ միայն վարչապետը, այլև երկրի բոլոր պաշտոնյաներն էլ եթե հրաժարական տան, քանի կոնկրետ կուսակցությունն ունի մեծամասնություն պառլամենտում, իշխանությունը դեռևս իրենն է։ Հիմա փոփոխությունն այդ իշխանության կարող է լինել պառլամենտական խմբակցությունների փոփոխության դեպքում, այսինքն՝ ինչ-որ մեկը դուրս գա խմբակցությունից, կամ խմբակցությունները միմյանց միջև կոալիցիաներ կազմեն, որոնք հնարավոր տարբերակներ են»` ասել է Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանին: Հարցին` հնարավո՞ր է ՀՀԿ խմբակցությունից 10-15 պատգամավոր գնա, «Ելք»-ի, «Ծառուկյան»-ի, ՀՅԴ-ի հետ կազմի նոր դաշինք, այդպիսով մեծամասնություն դառնա, ՀՀԿ-ն՝ փոքրամասնություն, Կոստանյանը պատասխանեց «Տեսականորեն, զուտ իրավական տեսանկյունից՝ այո, հնարավոր է։ Չեն կարող մտնել այլ խմբակցություն, բայց խմբակցությունից դուրս գալու իրավունք պատգամավորն ունի»: Նա նաև հաստատել է, որ խմբակցությունները կարող են կոալիցիա ձևավորել և հանդես գալ իբր մեծամասնություն։ Հարցին` եթե «Ելք»-ը կառավարությունում ունենալու է վարչապետ՝ իր առաջադրած թեկնածուն, նախարարներ, կարո՞ղ ենք ասել, որ «Ելք»-ը մայիսի 8-ից դադարելու է խորհրդարանում լինել ընդդիմություն՝ դե յուրե և դե ֆակտո, Կոստանյանը պատասխանել է. «Դե ֆակտո՝ այո, բայց ես էլի եմ ասում՝ եթե «Ելք»-ը մնա նույն կազմով, դաշինքներ չկնքվեն և ՀՀԿ-ն մնա մեծամասնություն, ոնց որ հիմա է, հետևաբար մենք կունենանք փոքրամասնության կառավարություն։ Բայց իշխանությունը ֆորմալ իրավական տեսակետից կլինի ՀՀԿ-ինը։ Մենք կունենանք իշխանություն՝ ՀՀԿ մեծամասնությամբ և կունենանք փոքրամասնության կառավարություն»։ Առայժմ հայտնի չէ` ինչպե՞ս են տեղի ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որ պնդում է Փաշինյանը:

Սահմանադրության համաձայն` դա հնարավոր է, եթե խորհրդարանը երկու անգամ չկարողանա վարչապետ ընտրել և չհաստատի նրա ծրագիրը: Պարզ չէ` Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիր կներկայացնի՞ վարչապետ ընտրվելուց հետո, թե՞ ոչ: Եթե ընտրությունից հետ Փաշինյանը ծրագիր ներկայացնի և խորհրդարանը հավանություն տա, այս փուլում արտահերթ ընտրություններն անհնար են դառնում: Եթե խորհրդարանական մեծամասնությունը պարբերաբար մերժի կառավարության օրինագծերը, որի հետևանքով կառավարության գործունեությունը դառնա անհնար, կառավարությունը հրաժարական կտա, բայց դա չի հանգեցնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այլ` նոր վարչապետի ընտրության: Փաստը, որ մայիսի 8-ից հետո խորհրդարանում կստեղծվի ֆորսմաժորային իրավիճակ և պարզ չի լինի`ով է կայուն մեծամասնությունը, ով` փոքրամասնությունը` ընդգծում է և ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որ ի սկզբանե դեմ էր փողոցային պայքարին: Նա նշում է, որ երբ 3 ուժեր Փաշինյանին առաջադրել են, և չորրորդ ուժը, որ այս պահին ունի մեծամասնություն, իր ձայների ինչ-որ թվով աջակցում է, որ երկիրն ունենա վարչապետ և ձևավորվում է կառավարություն, դա կոչվում է փոքրամասնության կառավարություն, որը ժամանակավոր է, այսինքն՝ ունի իր առջև դրված խնդիրներ և այդ խնդիրները պետք է լուծի։ Հարցին` փոքրամասնության կառավարությունը կկարողանա՞ լուծել այդ խնդիրները, Մարուքյանը պատասխանել է. «Ես վստահ եմ, որ կլուծի, առաջին խնդիրը՝ Ընտրական օրենսդրությունը նախապատրաստել արտահերթ ընտրություններին, և մինչև ընտրություններ կայունություն ապահովել և զարգացում»։


Փոքրամասնության կառավարությանն ինչպե՞ս է հաջողվելու Ընտրական օրենսգիրք ընդունել, մի շարք փոփոխություններ անել հարցին Մարուքյանը պատասխանել է. «Դա բանակցությունների արդյունք է. քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, անհնար բան չկա։ Բանակցությունների արդյունքում, ես կարծում եմ, որ հնարավոր է նաև հասնել սահմանադրական օրենքի փոփոխությունների, այլապես ճգնաժամը կշարունակվի»։


Հայ քաղաքագետների կարծիքով` նոր Սահմանադրությունը և կառավարման խորհրդարանական համակարգը Հայաստանում չդիմացան առաջին փորձությանը, որովհետև գրված էին կոնկրետ մարդու համար` նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի, որ նախագահության 10 տարիներից հետո ցանկացավ կառավարման ղեկը իր ձեռքում պահել` դառնալով վարչապետ: Սակայն ընտրությունից ընդամենը 6 օր անց ստիպված էր հրաժարական տալ` բազմահազարանոց բաղոքի ցույցերի ճնշման տակ, որ ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանը: Մայիսի 8-ին վարչապետի ընտրություններում Փաշինյանը միակ թեկնածուն է, ՀՀԿ-ն հայտարարել է, որ մայիսի 8-ին Հայաստանը վարչապետ կունենա:
REGNUM


Հ.Գ. Իսկապես հայկական գլուխկոտրուկ` եթե ՀՀԿ-ն մնա միասնական և բաժան-բաժան չլինի, ինչպես խնդիր է դրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, բայց հիմա նա միակ խնդիր դնողը չէ, կա ինքնապահպանման ու պետական կառավարման ապահովման անհրաժեշտություն` սա մի կողմից, մյուս կողմից` համագործակցությունը ՀՀԿ-ի հետ փողոցը կարող է չներել: Իսկ փողոցի հետ կապը չկորցնելը ամենակարևոր հարցն է` արտահերթ ընտրություններից առաջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3093

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ